Գերմանական Die Welt ամսագրի լրագրող Էլին Էրինրեյխն այցելել է Լեռնային Ղարաբաղ, որից հետո հոդված է հրապարակել հանրապետության զբոսաշրջային մեծ ներուժի մասին: Նա իր հոդվածում նշել է, որ զբոսաշրջիկների ոչ մեծ հոսքի պատճառը հանրապետության ներկայիս կարգավիճակն է: Լրագրողն Արցախը անվանել է հայ ժողովրդի ինքնիշխանության խորհրդանիշը, ինչպես նաև անդրադարձել տեղի բնությանն ու տեղացիների հյուրընկալությանը:
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո ծառայության ղեկավար Հիմքեթ Հաջիևը հոդվածն անվանել է պատվիրված, իսկ հեղինակին` խոստացել պատժել` ընդգրկելով նրան Ադրբեջանի ոչ ցանկալի անձանց ցուցակում:
Մարդկանց ազատ տեղաշարժն արգելելն անընդունելի է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է լրագրողներին, որոնք պարտավոր են լինել այնտեղ, որտեղ հետաքրքիր է, — կարծում է ռուսաստանցի հասարակական գործիչ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը, ով ևս ժամանակին ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակում»:
«Եթե արգելեին իմ մուտքը Լիբերիա, ես ավելի կտխրեի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Դվորնիկովը:
Նրա խոսքով, Արցախ այցելել մտադրվողների մեծ մասը տեղյակ է, որ այցից հետո նրանք կընդգրկվեն Ադրբեջանի «սև ցուցակում»:
Այդուհանդերձ, մարդիկ մեկնում են այնտեղ, իսկ Բաքվում ԼՂՀ սահմանի հատման ցանկացած դեպք մեծ աղմուկ է հանում:
«Ադրբեջանի իշխանություններն իրենք են սահմանում ագրեսիայի աստիճանը սեփական հասարակությունում, իսկ հասարակությունն էլ ստիպված է ապրել այդ առասպելային իրականության իրավիճակում», — ասում է ռուսաստանցի հրապարակախոսը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ոչ ցանկալի անձանց ցուցակը պարբերաբար համալրվում է անվանի մշակույթի, քաղաքական ոլորտի գործիչների և հայտնի մարդկանց անուններով: Նրանց թվում են` Լյուբով Կազարնովսկայան, Մոնսերատ Կաբալյեն, Աննա Չապմանը, Վլադիմիր Վարֆոլոմեևը, Սերգեյ Բունտմանը: Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով, ներկայումս ոչ ցանկալի անձանց ցուցակում ներառված է 500 մարդ: