Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Երկաթուղային փաստարկ. Կարասինը չի համոզել Աբաշիձեին բացել ճանապարհը

Երկաթուղային փաստարկ. Կարասինը չի համոզել Աբաշիձեին բացել ճանապարհը

Պրահայում կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերն ու իրավիճակը Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին: Քննարկված հարցերի շարքում է եղել նաև աբխազական երկաթուղու գործունեության վերականգնումը: 

Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Գրիգորի Կարասինը, քննարկվել են բոլոր հարցերը, ներառյալ` երկաթուղին: «Համաձայնեցինք, որ նման կարգի հարցի քննարկումը հնարավոր է հիպոթետիկ ճանապարհով, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն Աբխազիայի և Վրաստանի ղեկավարները անմիջական շփման արդյունքում», — ասել է Կարասինը:

Իր հերթին Աբաշիձեն նշել է, որ ռուսական կողմի մոտեցումը երկաթուղու հարցում ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության տարածքով անընդունելի է: «Նրանց մոտեցումը հետևյալն է. եթե ձեզ, այսինքն` վրացական կողմին, հետաքրքիր է, ապա քննարկեք այն աբխազների և մյուս հարևանների հետ: Մեր պատասխանը հետևյալն է. մեզ դա հետաքրքիր չէ», — ասել է Աբաշիձեն: 

Մինչև Կարասին-Աբաշիձե հանդիպումը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կիրիկաշվիլին հայտարարել էր, որ աբխազական հատվածում երկաթուղու վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել: «Այս պայմաններում, երբ մեզ մոտ տեղի են ունենում բացարձակապես ոչ համազոր գործողություններ, երբ ստորագրվում է համաձայնագիր մեր շրջանների ինտեգրացիայի վերաբերյալ, որևէ տարանցիկ ուղու վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել», — նշել է նա: 

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը RUSARMINFO-ին տված հարցազրույցում նշել է, որ աբխազական երկաթուղու հարցը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարց է: «Դա դե ֆակտո աբխազական պետության և նրա հասարակության պատրաստակամությունն է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի միջոցով դեպի Հայաստան: Առկա են բազմաթիվ մտահոգություններ, որ երկաթուղին կդառնա վրացականացման ինչ-որ գործիք», — կարծում է փորձագետը: Բացի այդ, Մարկեդոնովը նշել է Ադրբեջանի բացահայտ չկամությունը` տրանսպորտային շրջափակմանն առնչվող Հայաստանի խնդիրները դյուրացնելու հարցում: «Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո առաջ եկավ երկաթուղու բացման գաղափարը, ադրբեջանական քաղաքական գործիչները շատ կտրուկ արձագանքեցին դրան: Ակնհայտ էր, որ Հայաստանի կապերի ընդլայնումն արտաքին աշխարհի հետ ձեռնտու չէ Ադրբեջանին: Բաքուն մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա տնտեսական առումով, և այդ գործոնը ես չէի անտեսի», — նշել է Մարկեդոնովը: 

Հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը “ RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է, որ աբխազական երկաթուղին ունի կարևոր նշանակություն եվրասիական ինտեգրացիայի համատեքստում: «Աբխազական երկաթուղիով հաղորդակցության վերականգնումը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, բայց Վրաստանում հիմա ոչ բարենպաստ իրավիճակ է: Եվրասիական միության անդամ Հայաստանի համար գնացքների շարժի վերականգնումը կհանդիսանար մեծ խթան տնտեսական զարգացման համար: Երկաթուղու այս հատվածի վերականգնման հարցում հետաքրքրված է նաև Աբխազիայի թուրքական բիզնեսը, որը Վրաստանի տարածքով կկարողանա կապ հաստատել Թուրքիայի հետ», — ասել է նա:  

RUSARMINFO-ի հետ զրույցում Աբխազիայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Արշբան նշել է, որ Աբխազիայում երկաթուղին գործում է. հաջողությամբ իրականացվում է բեռների արտահանումն ու ներմուծումը, ինչպես նաև ուղևորների փոխադրումը: «Իսկ եթե կան մեր երկաթուղիով իրենց բեռները տարանցիկ տեղափոխման մեջ հետաքրքրվող պետություններ, ապա նրանց անհրաժեշտ է բանակցություններ վարել աբխազական իշխանությունների հետ», — ասել է Արշբան: «Դեռևս որպես այդպիսին նման բանակցություններ տեղի չեն ունենում: Ես չեմ կարող խոսել իշխանությունների փոխարեն, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցն ու հաշվի առնել մեր պետության հետաքրքրությունները», — հավելել է Օլեգ Արշբան:

Խորհրդային տարիներին աբխազական երկաթուղին կազմել է Անդրկովկասյան երկաթուղու մի մասը: ԽՍՀՄ փլուզումից հետո այն մասնատվել է աբխազական, հայկական և վրացական հատվածների, ադրբեջանա-վրացական սահմանից մինչև «Բեյուկ-Քեսիկ» կայարան ընկած հատվածը փոխանցվել է Ադրբեջանի երկաթուղիներին: 1992թ.-ի վրաց-աբխազական ռազմական հակամարտությունից հետո այս երկաթուղիով գնացքների ընթացքը դադարեցվել է: Արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև բացակայում է երկաթուղային հաղորդակցությունը: Գնացքները չեն շարժվում նաև Թուրքիայի ուղղությամբ: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …