Ադրբեջանի իշխանությունները դիմել են Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին` խնդրանքով տրամադրել 4 մլրդ դոլար`երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Նախորդ երկու օրերին այս մասին հաղորդել են մի քանի տեղեկատվական գործակալություններ, այդ թվում նաև` ադրբեջանական: Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն Ադրբեջանում ստեղծված դրությունը գնահատում է որպես ծայրահեղ: «Ադրբեջանում բարդ իրավիճակ է: Տնտեսական ճգնաժամը նոր թափ է հաղորդել քաղաքականին: Ադրբեջանի տնտեսությունը ծայրահեղ կախվածություն ունի էներգառեսուրսների գներից: Ադրբեջանում ոչինչ չկա, բացի նավթից», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Մարտինովը: Սակայն, ըստ փորձագետի, ԱՄՀ-ի օգնությանը դիմելն իր հետևանքները կունենա:
«Միջազգային ֆինանսական կառույցները վերածվել են քաղաքական ճնշման գործիքների այս կամ այն երկրի վրա: Դե ֆակտո նրանք որևէ ֆինանսական օգնություն չեն տրամադրում: Այն պետությունները, որոնք ֆինանսական գործարքների են գնացել ԱՄՀ-ի հետ, ընկել են լուրջ գերության և քաղաքական կախվածության մեջ: Բայց, մյուս կողմից էլ, երբ չկա ելք, ինչպես վարվել», — նշել է Մարտինովը: Ըստ ռուսաստանյան փորձագետի` ադրբեջանցի քաղաքական գործիչները զուր են կարծում, որ շփման գոտում իրավիճակի սրացմամբ որևէ կերպ կկարողանան շեղել մարդկանց ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից: Նշենք, որ ադրբեջանական Vesti.az կայքի հաղորդմամբ, երկրի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 29-ին մեկնարկած Երիտասարդության առաջին ֆորումի ժամանակ ժխտել է պտտվող լուրերն այն մասին, թե Ադրբեջանը դիմել է ԱՄՀ-ին: