Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը ապրիլի 22-ին նվազել է 2 տոկոսով, հասնելով դոլարի նկատմամբ ընթացիկ ամսվա ամենացածր ցուցանիշին՝ 8,357։
Ինչպես հաղորդում Է «Reuters»-ը, արժույթի անկումը կապված է նաև առաջիկա հանգստյան օրերին թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին սպասումներով, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Ուշադրության կենտրոնում են Վաշինգտոնի հետ Անկարայի խնդրահարույց հարաբերությունները, քանի որ սպասվում է, որ ԱՄՆ նախագահը պաշտոնապես կճանաչի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից կատարված հայերի կոտորածը որպես ցեղասպանություն»,- հայտնել են պարբերականի աղբյուրները:
Նշվում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, «կատաղության կհասցնի Թուրքիային» և էլ ավելի կվատացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունները:
Լիրայի անկման պատճառների թվում նշվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` արտարժույթը թանկ վաճառելու քաղաքականությունը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Wall Street Journal թերթի տեղեկություններով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: