Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ պաշտոնական նամակով Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ տվյալներ է ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ կառույցների:
«Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է օմբուդսմենը ապրիլի 19-ին Ֆեյսբուքում:
Նա նշել է, որ այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տվյալներով Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ հայ գերիների վերադարձի հարցը գտնվում է Ռուսաստանի ու Եվրոխորհրդարանի օրակարգում: