Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն այն մասին, որ առանց Արցախի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Բաբայանն ասել է, որ տարբեր երկրներ ունեն իրենց շահերը տարբեր հարցերի, այդ թվում՝ արցախյան հակամարտության վերաբերյալ։
«Կարծում եմ, երբ Տոյվո Կլաարն ասում է, որ անհնար է լուծել այս հարցը՝ առանց Արցախի հայերի կարծիքը հաշվի առնելու, նա իրատեսական մոտեցում է հայտնում»,- ասել է Բաբայանը։
Բաբայանը նշել է, որ մասնավորապես «արցախի հայեր» ձևակերպումն առաջացնում է մի շարք հարցեր։ Այդ բառակապակցությունն օգտագործում է նաև Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, մինչդեռ արցախցիները պնդում են ինքնորոշման և անկախ պետականության սկզբունքը։
«Շառլ Միշելը նույն պես այդպես ասաց։ Եվ եթե չլիներ արձագանք, հզոր պատասխան ու վրդովմունք, գուցե նա չփոխեր իր դիրքորոշումը, և նույն Տոյվո Կլաարը և մյուսները սխալ ուղղությամբ շարժվեին։ Սա հուշում է, որ մենք պետք է պահպանենք մեր սկզբունքայնությունը նույնիսկ ամենադժվար իրավիճակում։ Եվ այդ սկզբունքայնությունը հաշվի է առնվում»,- ասել է նա։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ եթե նույնիսկ ամբողջ աշխարհը կողմ լինի Արցախի՝ Ադրբեջանի կազմի մեջ լինելուն, իսկ բնակչությունը դեմ լինի դրան, ոչ ոք չի կարող փոխել նրանց դիրքորոշումը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Արցախի համար ընդունելի է միայն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։