Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Փաշինյանը հայտնել է սահմանազատման հանձնաժողովի կազմավորման ժամկետների մասին

Փաշինյանը հայտնել է սահմանազատման հանձնաժողովի կազմավորման ժամկետների մասին

Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 13-ի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։

Վարչապետը նշել է, որ ինքը համաձայնություն է տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները, իսկ դրա ժամանակացույցն ու ձևաչափը կորոշվեն առաջիկայում։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է , որ առաջիկա պլանների մեջ է մտնում՝ որքան հանարավոր է արագ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։

«Բայց այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ»,- ասել է նա։

Նույն սցենարը՝ ըստ վարչապետի, հնարավոր է նաև դելիմիտացիայի աշխատանքների կազմակերպման հարցում, որովհետև չի բացառվում , որ Ադրբեջանն այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամաբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի։

«Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելացնում է ռիսկերը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է մինչև ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով և սկսել աշխատանքները։

Փաշինյանը հայտարարել է, որ նախևառաջ պետք է ճշտել Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը սահմանների հարցում, այդ նույն հարցում պաշտոնապես արձանագրել Հայաստանի դիրքորոշումները, իսկ սահմանների ճշտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ։

Ըստ վարչապետի՝ այդ լեգիտիմության ճանաչումը հարկավոր է ստանալ նաև միջազգային հանրության կողմից և այս հիմքով համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արցախյան հակամարտության կարգավորման ընթացքը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …