Փարիզի «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը մեկնաբանել է Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունները։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականայնի հետ» հաղորդման շրջանակներում Չոբոյանն ասել է, որ ընտրությունների արդյունքները՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ընդդիմադիր Մարին Լը Պենի երկրորդ փուլ անցնելը սպասելի էր, և փորձագետները հենց այդպես էլ կանխատեսում էին։
Չոբոյանը նշել է, որ երկրորդ փուլում հայ համայնքի ներկայացուցիչների ձայները, ինչպես բոլոր ֆրանսիացիներինը, կբաշխվեն երկու թեկնածուների միջև։
«Մեր համայնքն իր քվեարկությամբ շատ մոտ է մյուս ֆրանսիացիներին: Կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն Էմանուել Մակրոնին, սակայն վերջին տարիներին նկատվում է աջ ծայրահեղական կուսակցության օգտին քվեարկողների թվի աճ։ Հայկական միասնական քվե, որպես այդպիսին, չկա»,- ասել է նա:
Փորձագետը հավելել է, որ Մակրոնն ընդհանուր առմամբ, վարել է հայանպաստ քաղաքականություն, սակայն դա ինչ-որ պահի դադարել է։ Նրա խոսքով՝ հայ համայնքը չի հավատում, որ միայն Մակրոնը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հիլդա Չոբոյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի համար բացված «ֆրանսիական հնարավորությունների պատուհանը» փակվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։