Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը մեկնաբանել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մելիքյանը հայտարարել է՝ հնարավոր է կողմերն ինչ-որ պայմանավորվածություններ են ունեցել բրյուսելյան հանդիպման հետ կապված։
«Պետք է հաշվի առնել նաև Փաշինյանի՝ ապրիլին նախատեսված այցը Մոսկվա։ Իսկ եթե պայմանավորվածություններ լինեն ինչ-որ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ, ապա դրանց մասին հայտարարություն կլինի այցից հետո։ Չեմ կարծում՝ որեւէ օրակարգ կարող է իրականացվել առանց երկու վեկտորների՝ Ռուսաստանի և Արեւմուտքի համակարգման»,- ասել է նա։
Մելիքյանը նշել է նաև, որ չնայած Ալիևի հայտարարություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է գոյություն ունենալ։ Խմբի ճակատագիրն ըստ նրա՝ կարող է կախված լինել Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումից։
Եթե կողմերը պայմանավորվեն ընդհանուր օրակարգի շուրջ, ապա բանակցությունները կարող են շարունակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ Նախկին նախարարը կարծում է, որ Արցախյան Փարուխ գյուղում էսկալացիա ստեղծելով՝ Ադրբեջանը ցանկանում է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Բրյուսելին, ցույց տալ, որ եթե չկատարվեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի Բաքվի 5 պահանջները, Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել։
Մելիքյանը կարծում է, որ Բրյուսելում լավագույն դեպքում կողմերը կարող են հուշագիր ստորագրել հետագա նպատակների վերաբերյալ։ Նրա խոսքով, եթե բանակցությունների ընթացքում հաշվի չեն առնվում կողմերի փոխադարձ շահերը, ապա այդ բանակցությունները չեն կարող լեգիտիմ լինել, նույնիսկ եթե կողմերից մեկը համաձայն է իրեն ներկայացված վերջնագրերին, քանի որ այդ համաձայնությունները հնարավոր է ընդունվել են սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունքում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Բրյուսելում սկսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Մանրամասները՝ տեսանյութում։