Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հումանիտար խնդիրներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը մանր վրեժխնդրության փորձ է անվանել։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ստեփանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չի կարողանում հասնել իր նպատակին՝ Արցախը հայաթափելուն։
«Նրանք տեսնում են հակառակ պատկերը՝ պատերազմից հետո արցախցիներն անընդհատ վերադառնում են, շարունակում իրենց կյանքը կառուցել և հայրենիքը լքելու մտադրություն չունեն։ Այսկերպ նրանք փորձում են հասնել վրեժխնդրության, սակայն չեն կարողանում հասնել բուն նպատակին։ Ինչու՞ է դա մանրուք: Հավանաբար այն պատճառով, որ ցանկացած քաղաքակիրթ մարդ ավելի անմարդկային ու ամոթալի արարք պատկերացնել չի կարող»,- ասել է նա։
Օմբուդսմենի խոսքով՝ Բաքուն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին Ռուսաստանի ներգրավվածությունից և ցանկացած պատրվակ օգտագործում իրավիճակը ապակայունացնելու համար։
Ստեփանյանը մատնանշել է ռուսական խաղաղապահ առաքելության մարդասիրական դերն Արցախում, հավելելով, որ խաղաղապահների համար անընդունելի է Ադրբեջանի ապակայունացնող դիրքորոշումը։ Օմբուդսմենի խոսքով՝ ռուս խաղաղապահները բանակցում են և ջանք չեն խնայում իրավիճակը շտկելու համար։
Ավելի վաղ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում խոսել էր Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության վերաբերյալ Բաքվի դժգոհության պատճառների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։