Նրանք, ովքեր կարծում են, թե տեղեկատվական խուճապը օդից է ընկնում, պարապ մեկի քմահաճույքով, հաստատ սխալվում են։ Դա մի ամբողջ ինդուստրիա է՝ խուճապն արտադրողի կոնկրետ հաստիքով, որին բնավ չի հետաքրքրում՝ ով է իր արտադրանքի սպառողը՝ որդու ծառայության օրերը հաշվող զինվորի մայրը, թե ձեթ ու ալյուրի ծուղակում մոլորված թոշակառուն։ Հիմա գոհ եք ձեր արածից․ պղտորեցիք հայկական շուկան կեղծ ահազանգով, ստացաք մարգինալ թանկացում․ երևանյան բազմոցից սադրեցիք պատերազմի գուժով, ստացաք գիշերներ լուսացնող մայրերի նզովք։ Դեռ երկու հազար տարի առաջ է փիլիսոփան ասել․ զգուշացիր, որ չվնասես այնպիսի մարդու, որի ցավի ձայնը ոչ ոք չի լսում, բացի Աստծուց։ Լավ, մի պահ ընդունենք, որ այս էկզիստենցիալ աղետի զոհը որևէ մեկին չի հետաքրքրում, ինչպես վարձկանին չի հետաքրքրում, թե օտարի հողում ում է սպանում։ Այդ դեպքում ընդունեք, որ այս քարոզչական աղետի կազմակերպիչն էլ նույն վարձկանն է ու դադարեցրեք ինֆորմացիոն կեղծիքի անհասցե հերքումները, երբ այդ կեղծիքն ունի և հասցե, և իրական դեմք, հակառակ դեպքում կհաստատվի կասկածանքը, որ ինֆորմացիոն շանտաժն արտադրողն ու հերքողը նույն պատվերն են կատարում։ Եթե այդպես է, այդքան հերքելու փոխարեն, մեկ անգամ էլ հանդիպեք, գոնե կիմանաք, որ նույն նավում եք գտնվում․․․
Նվեր Մնացականյան