Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծիքով՝ հենց այնպես չէ, որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպան օրը հայտարարեց Հայաստանից Արցախ գնացող գազատարը վերանորոգելու մասին, որը վնասվել էր 2022 թվականի մարտի 8-ին։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Արմեն Պետրոսյանն ասել է, որ գազատարի նորոգման մասին Ադրբեջանի այս հայտարարությանը, ամենայն հավանականությամբ, նախորդել է ինչ-որ «դրական քայլ»։ Թե ինչ քայլի մասին է խոսքը, դեռեևս պարզ չէ, սակայն ըստ մասնագետի՝ շուտով հայտնի կդառնա։
Պետրոսյանը չբացառեց նաև արտաքին ճնշումը Բաքվի վրա՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ գազատարի վերականգնմանը նախորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը, ինչը նույնպես կարող էր ազդել գազատարի խնդիրը կարգավորելու վրա։
«Այսինքն՝ փորձ է կատարվել, կամ Ադրբեջանը ինչ-որ խոստում է տվել, կամ նույնիսկ ճնշում է եղել։ Այդ քայլն արվել է հումանիտար ոլորտում, որքան էլ այն նման լինի շանտաժի, այս իրավիճակում, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է մեկ այլ հումանիտար խնդրի՝ Ուկրաինայի իրավիճակի վրա, այլ տեղերում հումանիտար խնդիրներ ստեղծելը սխալ է»,- ասել է փորձագետը։
Ըստ Պետրոսյանի՝ Ադրբեջանի նման միջազգային ինտեգրում ունեցող պետությունները չպետք է արհեստականորեն հումանիտար խնդիրներ ստեղծեն Արցախի համար։
2022 թվականի մարտի 16-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգել վնասված գազատարը՝ մինչ այդ թույլ չտալով ռուս խաղաղապահներին և Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազամատակարարումը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։