Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված կետրերում մեծ հաշվով որևէ նոր բան չկա:
Նրա գնահատմամաբ՝ Ադրբեջանը պատերազմից հետո տարբեր հարթակներում հայտարարել է, որ հենց իր նշած սկզբունքների տիրույթում է քայլեր ակնկալում Հայաստանից:
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորման եթերում Արմեն Պետրոսյանն ասել է, որ Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից, փորձում է կրկին օրակարգ բերել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի հետ:
«Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը, ունենալով նաև Թուրքիայի աջակցությունը, փորձում է հենց երկկողմ ձևաչափով կարգավորել Հայաստանի հետ խնդիրները՝ նպատակ ունենալով գործընթացից դուրս թողնել թե՛ Ռուսաստանին և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասել է փորձագետը:
Նա նշել է, որ Ադրբեջանի առաջ քաշած կետերը չեն կարող քննարկվել Մինսկի խմբի շրջանակներում, քանի որ այդ կետերում ոչ մի անդրադարձ չկա Հայաստան-Ադրբեջան հակամարտության առանցքային խնդրին՝ Արցախի կարգավիճակին, իսկ Մինսկի խումբը կոչված է հենց այդ խնդիրը լուծելու համար:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ձևաչափը։
Մանրամասները տեսանյութում։