Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրավիճակը Կիևում բավականին լարված է։
Նրա խոսքով՝ այս պահին հայերի զանգվածային տարհանում չկա։ Սակայն շատ մարդիկ, ոչ միայն հայեր, լքում են Ուկրաինան։ Դավիթ Մկրտչյանը նշել է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը և ԱԳՆ-ն հայերին առաջարկում են մեկնել Ուկրաինային սահմանակից երրորդ երկրներ։
Մկրտչյանն ասել է, որ դեռևս չկան ստույգ տվյալներ, թե քանի հայ է հեռացել Ուկրաինայից, իսկ Ուկրաինայի հայ բնակչության շրջանում նոր զոհեր չկան։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի հայերի միությունը որոշում է ընդունել սկսել Ուկրաինայի տարածքը լքող հայրենակիցների հաշվարկը և նրանց տեղաշարժերի աշխարհագրությունը։