Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում գտնվող հայերի վերաբերյալ։
Նրա փոխանցմամբ՝ վերջին երկու-երեք օրերին Ուկրաինայի տարբեր քաղաքներից հայերի դիմումների Սփյուռքի գրասենյակ կրկնակի-եռակի անգամա շատացել են։
Դիմումների հիմնական բովանդակությունն ըստ Ալեքսանյանի՝ Ուկրաինայից դուրս գալու ուղղությունների, տներում մնալու, թե դեպի անցակետեր գնալու մասին է։
«Չնայած մեր պաշտոնական էջում տեղադրված են բոլոր այն ուղղությունները, որոնցով կարելի է դուրս գալ Ուկրաինայից,ամեն դեպքում ասեմ, որ մեր հայրենակիցները կարող են օգտվել Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի և Հունգարիայի հետ պետական սահմանի ողջ երկայնքով գործող անցակետերից, որոնք դռևս գործում են»,- ասել է Ալեքսանյանը։
Նա հավելել է նաև, որ ռազմական գործողությունների թեժ հատվածում գտնվող մեր հայրենակիցներն այս պահին տեղաշարժվելու մեծ հնարավորություններ չունեն՝ ճանապարհների անվտանգ չլինելու պատճառով։
Հովհաննես Ալեքսանյանն ընդգծել է ևս մեկ կարևոր հանգամանք․ վերջին մեկ-երկու օրվա ընթացքում ՌԴ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ հետաքրքրվածությունը զգալիորեն աճել է, քաղաքացիություն ստանալու վերաբերյալ արդեն 25 դիմում է ներկայացվել։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել սահմանային անցակետերի մասին, որոնցից կարող են օգտվել Ուկրաինայից հեռանալ ցանկացող հայերը։
Մանրամասները՝ տեսանյութում։