ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։
Քաղաքագետի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին «Շուշիի հռչակագրի» վավերացումը դժվար է կառուցողական համարել։
«Եթե Թուրքիան իրոք հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ապա անհասկանալի է, թե ինչու է գնում այդպիսի քայլերի»,- նշել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Թուրքիան այս հռչակագրով հստակ արձանագրում է՝ եթե Հայաստանը կամ Արցախը փորձեն փոխել ստատուս քվոն, ապա խնդիրներ կունենա ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։ Քաղաքագետի կարծիքով փաստաթղթի վտանգը կայանում է նրանում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում ստանձնած դերն ամրագրում է փաստաթղթային ձևով։
Քաղաքագետը խոսել է նաև Խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ դրա վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումներն ամենևին չեն համընկնում։
Տիգրան Գրիգորյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 17-ի ասուլիսի մասին, նշել է, որ նա ներգրավված է քաղաքական պայքարի մեջ և իր բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել հենց ներքաղաքական պայքարի տեսանկյունից։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ։