ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հայաստանի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն անսպասելի է եղել իրենց համար։
Արման Եղոյանի խոսքով՝ նախագահի հրաժարականին քաղաքական ոչ մի գործընթաց չի նախորդել, որը կնպաստեր դրան։ Պատգամավորը մեկնաբանել է նաև այն տեսակետը, թե Արմեն Սարգսյանը չի ցանկացել պատասխանատվություն վերցնել ինչ-որ լուրջ գործընթացի համար, որը հնարավոր է առաջիկայում տեղի ունենա։
«Դրա մասին կարելի բարձրաձայնել, հատկապես եթե գնում ես, ամենապատեհ առիթն է ասել, զգուշացնել, հանրայնացնել, որ այ նման մի իրադրություն կա, որի համար ես չեմ ուզում պատասխանատվություն կրել»,- ասել է Եղոյանը։
Խոսելով քաղաքական մեծամասնության կողմից նախընտրած թեկնածու ունենալու մասին, Արման Եղոյանն ասել է, որ դեռևս կա ժամանակ, որի ընթացքում Արմեն Սարգսյանը կարող է հետ կանչել հրաժարականի դիմումը։
«Էթիկապես ճիշտ չի լինի, որ նույնիսկ թեկնածու լինելու դեպքում ես հիմա բարձրաձայնեմ։ Բնականաբար քննարկում են, հիմա իրավիճակն այսպես է դասավորվել, հո՞ չենք նստելու սպասենք»,- ասել է պատգամավորը։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից թեկնածու չառաջադրելուն, պատգամավորն ասել է՝ «զարամանալի կլիներ, որ առաջադրեին» և այդպիսով մասնակցեին այս քաղաքական գործընթացին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, խոսելով նախագահի հրաժարականի մասին, ասել է, որ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։