Հայ մասնագետների ջանքերով առաջիկայում կստեղծվի մի սարք, որի օգնությամբ հնարավոր կլինի տարածքային տեղորոշումն իրականացնել առանց GPS-ի:
Հեռակառավարվող ունիվերսալ սարքը, որը դեռևս հատուկ անվանում չունի, իրականացնելու է կարևոր գործառույթներ՝ հեռակառավարում,տվյալների ընդունում և փոխանցում։
Այս մասին «Արմենպրեսին» պատմել են նախագծի ղեկավարները։ Նրանց փոխանցմամբ՝ նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ տվյալների ընդունումն իրականացվում է առանց GPS-ի։
Սարքը հնարավոր կլինի կիրառել տարբեր ոլորտներում՝ վերականգնողական բժշկություն, ռազմարդյունաբերություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն, ուսումնական ծրագրեր, օրինակ՝ VR վիրահատարաններ, որտեղ պրակտիկանտը զգում է վիրտուալ պացիենտի մարմինը, կտրվածքի չափն ու վիրահատական մյուս գործընթացները։
Սարքի օգնությամբ հնարավոր կլինի ճշգրտությամբ իրականացնել տարբեր վերականգնողական կուրսեր և վարժություններ։
Սարքը մշակման փուլում է, փորձարկումներ են անում և մոտ են ավարտին։ Չնայած առաջացել են մի շարք տեխնիկական խնդիրներ, սակայն մասնագետները վստահեցնում են, որ դրանք կլուծվեն, և ծրագիրը պատրաստ կլինի նախանշված ժամկետում՝ մինչև 2022 թվականի մարտ ամիսը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում և Արցախում 2022 թվականին կբացվեն ևս 9 ինժեներական լաբորատորիաներ անօդաչու թռչող սարքերի նախագծման համար։