ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է ԵԱՀԿ մինսկի խմբի գործունեությանը։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ համանախագահող երեք երկներն այս ձևաչափում մինչ օրս շարունակում են համագործակցել՝ չնայած Ալիևի ջանքերին, որն ամեն կերպ փորձում է խանգարել Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանը։
«Մինսկի խումբը դեկտեմբերին հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ համանախագահները ցանականում են այցելել տարածաշրջան։ Իմ կարծիքով այստեղ խոսքը ոչ միայն Երևանի և Բաքվի մասին, այլ նաև Ստեփանակերտի, ինչը սկզբունքային նշանակություն ունի Ադրբեջանի համար»,- ասել է Ստեփանյանը։
Խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ասել է, որ դա որևէ կապ չունի Արցախի հարցի հետ, ինչն ավելի հստակ դարձավ 44-օրյա պատերազմից հետո։
«Հետևելով Մինսկի խմբի հայտարարություններին, պարզ է դառնում, որ համանախագահող երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ, որպեսզի Արցախը դառնա Ադրբեջանի մաս»,- նշել է քաղաքագետը։
Ըստ քաղաքագետի՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի մեջ սկսվի սահմանազատման և սահմանագծման գործընթաց, տպավորություն կարող է ստեղծվել, որ դա պետք է շրջանցի Արցախի հարցը, սակայն այս հարցերը պետք է տարանջատել։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում սահմազատման և սահմանագծման գործընթաց տեղի ունենալ չի կարող։
Մանրամասները՝ տեսանյութում։