ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, հայտնել է իր տեսակետը, որին կողմ է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։
«Իմ համոզմամբ կառավարման համակարգը չպետք է փոխվի։ 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ մարդիկ և ուժեր կային, ովքեր իձն համոզում էին՝ եկեք գնանք սահմանադրական փոփոխությունների և վերադառնանք կիսանախագահական կամ ընդհանրապես նախագահական համակարգի։ Սակայն ես ասացի, որ անընդհատ սահմանադրական փոփոխությունների գնալն այդքան էլ լավ բան չէ»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ 2018 թվականից հետո մեծ հավանականություն կար, որ եթե լիներ նախագահական ընտրություններ ինքը կհաղթեր այդ ընտրություններում, սակայն դեմ է արտահայտվել դրան՝ ասելով, որ պետք է հնարավորություն տալ նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ էին հնչում տարբերակներ, որ մեր կառավարման համակարգն է մեր ձախողումների պատճառը և այդ ժամանակ ես կարծում էի, որ լրջորեն պետք է այդ մասին մտածել»,- նշել է վարչապետը։
Նա ավելացրել է նաև՝ երբ ընտրությունների միջոցով հնարավոր եղավ հաղթահարել քաղաքական ճգնաժամը և հաջողվեց ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, պարզ դարձավ, որ կառավարման համակարգի փոփոխություններ անելու անհրաժեշտություն չկա։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել իր հրաժարականի դիմումը։