ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
Ըստ վերլուծաբանի՝ նախագահի ներկայացրած տեքստում նշված չէ հրաժարականի իրական պատճառները: Նախագահը պետական գործիչ է և պետք է բաց տեքստով հայտնի՝ ինչու է որոշել հեռանալ։
«Նախագահի տեքստի մեջ ամեն բան խրթին էր, որովհետև այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացրել է նախագահը, դրանք եղել են ի սկզբանը և չեն առաջացել իր նախագահության ընթացքում։ Նա ի սկզանե տեղյակ է եղել այդ խնդիրներին և նախագահ դառնալու համաձայնությունը տվել է այդ խնդիրներով հանդերձ»,- ասել է Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ նախագահի հրաժարականը կապված է ներքաղաքական մթնոլորտի և ներկայիս իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների խախտման հետ։
«Իշխանությունը կարծես թե նախագահից ստեղծեց «պաղպաղակ ուտողի» կերպար, այսինքն ներկայացվում էր, որ նախագահը բան ու գործ չունի և այդքան էլ կարևոր ֆիգուր չէ»,- նշել է փորձագետը։
Նա հավելել է նաև՝ ինչ վերաբերում է ընդդիմությանը, եթե խոսքը նախորդ իշխանությունների մասին է, այստեղ նրանք ասելիք չունեն, քանի որ Արմեն Սարգսյանին հենց իրենք են բերել այդ պաշտոնին։
Ավելի վաղ ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել էր Հայաստանի նախագահի հրաժարականը։