ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը մեկնաբանել է այն տեսակետը, թե Ադրբեջանը չի կարող գոյություն ունենալ առանց Թուրքիայի։
Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանը հասկանում է, որ եթե դադարի լինել թուրքական շահերի կենտրոնում, ապա նրան սպասվում է «պարտություն պարտության հետևից», քանի որ Բաքուն այս ամբողջ ընթացքում ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում և ոչ միայն Հայաստանի նկատմամբ։
«Իլհամ Ալիևն ինքը խոսում է ագրեսիվ քաղաքականության մասին՝ պնդելով, որ Ադրբեջանում մեծացել է մի ամբողջ սերունդ՝ լցված հայերի հանդեպ ատելությամբ»,- ասել է նա։
Փորձագետը կարծում է, որ սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ուղղակի դրսեւորումն է, որը նշվել է Հաագայի դատարանում ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման առումով և հաստատվել դատարանի կողմից։ Սիմոնյանի խոսքով՝ Թուրքիան աջակցում է այս քաղաքականությանը՝ փորձելով ուժեղացնել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։
Խորհրդարանի նախկին պատգամավորը մեկնաբանել է նաև հայ-թուրքական հարաբերությունները՝ նշելով, որ առանց նախապայմանների բանակցությունների մասին խոսելը վաղաժամ է։ Սիմոնյանը կարծում է, որ հայ-թուրքական օրակարգի բոլոր ցավոտ հարցերը՝ Հայոց ցեղասպանությունը, Կարսի և այլ պայմանագրերի վավերացումը, վաղ թե ուշ «կպայթեն» և կդառնան քննարկման առարկա։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը մեկնաբանել է հայ-թուրքական բանակցություններն ու Թուրքիայի դիրքորոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։