Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին հարկադրել են լրտեսել իրենց օգտին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին ակտիվացել են սոցիալական ցանցերում: Նրանք փորձում են կապ հաստատել Արցախում ապրող մարդկանց հետ, որպեսզի խուճապ սերմանեն կամ նրանցից տեղեկություն ստանան։
Այս անգամ Telegram սոցցանցի օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, նամակագրության մեջ է մտել մի արցախցու հետ ։ Այնուհետև տվյալ օգտատերը արցախցուն առաջարկել է «ավելի մոտիկից ծանոթանալ » և փոխանակել ինտիմ բնույթի լուսանկարներ ։
Դրանից հետո նա սկսել է շանտաժի ենթարկել Արցախի քաղաքացուն՝ սպառնալով հրապարակել իրենց նամակագրությունը։
Լռության դիմաց Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը պահանջել է Արցախի մասին տեղեկատվություն և որոշ օբյեկտների լուսանկարներ։ Ադրբեջանցի օգտատերը նաև խոստացել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց՝ բանկային հաշվին գումար փոխանցելու միջոցով:
ԱՀ ԱԱԾ-ն պարզում է միջադեպի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկատվության բովանդակությունն ու ծավալը, ինչպես նաև գործի այլ հանգամանքներ:
ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անհայտ օգտատերերի հետ շփումներից, ինչպես նաև կասկածելի առաջարկներ չընդունել, չփոխանցել տեղեկատվություն, որը կարող է Արցախի անվտանգության համար վտանգ պարունակել: Նման առաջարկ ստանալու դեպքում պետք է դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են սոցիալական ցանցերում Արցախի քաղաքացիների մասին անձնական տվյալներ հավաքել: