ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Վահե Դավթյանը մեկնաբանել է՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ թուրքական լիրայի անկումը Հայաստանի տնտեսության վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2022 թվականի հունվարի մեկին սպառվում է Թուրքիայից ներկրվող շինանյութի արգելքի ժամկետը։
«Այս պահին խոսքը գնում է բացառապես շինանյութի արգելքի վերացման մասին, սակայն եթե արգելքների ժամկետները չերկարաձգվեն, ներմուծումը թույլատրելի կդառնա նաև այլ ապրանքների համար։ Խոսքը գնում է կենցաղային տեխնիկայի, հագուստի, կոսմետիկայի և այլ ապրանքների մասին»,- ասել է Վահե Դավթյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ նոր ձևավորվող հայ-թուրքական օրակարգում Թուրքիայից ապրանք ներմուծելը դառնում է ավելի իրատեսական։
«Ամենաբարձր ծավալը հայ-թուրքական առևտրաշրջանառության մեջ վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ գրանցվել է 2008 թվականին, ինչն առավելապես պայամանվորված էր ֆուտբոլային դիվանագիտության օրակարգով։ Երկրորդ անգամ ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց 2019 թվականին՝ կազմելով շուրջ 268 միլիոն դոլար»,- նշել է տնտեսագետը։
Վահե Դավթյանի խոսքով՝ լիրայի անկումն ավելի շոշափելի է ներպետական տիրույթում: Դա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծում Թուրքիայի բնակչության համար։
«Սակայն այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են արտահանմամբ, նրանք ձեռք են բերելու որոշակի հնարավորություններ արտաքին շուկաներում իրենց մրցունակությունը բարձրացնելու համար»,- հավելել է մասնագետը։
Վահե Դավթյանը վստահ է՝ սա կարող է խթանել հայ ներկրողներին թուրքական ապրանքներ ներմուծել Հայաստան, չնայած, որ դա կարող է պոտենցիալ ռիսկեր ստեղծել երկրի տնտեսության համար:
վահե դավթյան, տնտեսագետ, թուրքական լիրա, թուրքիա, հայաստան, ապրանքաշրջանառություն, ֆուտբոլային դիվանագիտություն, տնտեսություն, արտահանում, հայ-թուրքական հարաբերություններ