ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունը։
Քոչարյանը, խոսելով բանակցային սեղանին դրված նոր փաստաթղթի մասին, պատասխանել է ընդդիմության քննադատությանը, որը պահանջում է բացահայտել դրա մանրամասները։
«Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ երբ ինչ-որ բան հրապարակում ես, դա վերածվում է ոչնչի»,- ասել է նա։
Ըստ պատգամավորի՝ ընդդիմության հայտարարությունները, թե բողոքի ակցիաներով փորձում են տապալել հակահայկական փաստաթղթի ստորագրումը, անհիմն են։
«Օրակարգում հակահայկական փաստաթուղթ չի լինելու: Կա՛մ բոլոր փաստաթղթերը մեզ համար ձեռնտու կլինեն, կա՛մ չեն լինի։ Մենք, լինելով իշխանություն, հակահայկական որևէ բան թույլ չենք տա»,- ասել է նա։
Անդրանիկ Քոչարյանը նշել է նաև, որ նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հայկական բանակն այժմ ունակ է համարժեք պատասխան տալու և լռեցնելու Ադրբեջանի սադրանքները։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի դեմ Ադրբեջանի Զինված ուժերի վերջին ագրեսիայից։
Մանրամասները՝ տեսանյութում։