Նոյեմբերի 11-ի ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհաին մաքսակետեր տեղադրելուն։
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերվանից նրանք պատրաստվում են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող մեր քաղաքացիներին ուղղորդել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով երկար տարիներ չգործող Տաթև-Աղվանի ավտոճանապարհն արդեն ասֆալտապատվել է և նախորդ շաբաթ հանձնվել է շահագործման։
«Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռանափոխադրողների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել Տաթև-Աղվանի ավտոճանապարհով առանց լրացուցիչ մաքսատուրքի»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետն ասել է նաև, որ Ադրբեջանի կողմից տեղադրվող մաքսակետերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքն այստեղ Էյվազլիի հատվածի մասին է։
«Հիմա կարող է հարց առաջանալ՝ հնարավոր չէր արդյո՞ք բանակցել և այդ հատվածը ՀՀ քաղաքացիների և բեռների համար որևէ սահամանյին հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով ՀՀ-ն միշտ կողմ է եղել կոմունիկացիաների վերաբացմանը համապատասխան մաքսային և անձնագրային հսկողությամբ, առանց միջանցքային տրամաբանության։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է,որ ադրբեջանական կողմը պատրաստվում է մաքսակետեր տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին։