Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, արցախյան առաջին պատերազմում Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջիկա աշխատանքների մասին։
Սամվել Բաբայանը, որը նույնպես ընդգրկված է հանձնաժողովի կազմում, ասել է, որ ընդդիմադիր շրջանակները դժգոհ են, քանի որ գիտեն՝ պատերազմի ժամանակ ինքը եղել է Արցախում և գիտի՝ ինչ է տեղի ունեցել և ով ինչի համար պետք է պատասխան տա։
«Եթե դու մտավախություն չունես, քեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է ընդգրկված հանձանժողովի կազմում։ Ես ինքս պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, եթե այդպիսիք կան», – ասել է նա։
Մասնավորապես՝ Բաբայանը Շուշիի պաշտպանության ձախողման մեջ մեղադրել է որոշ հրամանատարների։ Բաբայանի խոսքով՝ Շուշիի պաշտպանության օպերացիա է մշակվել, սակայն այն չի իրագործվել։ Արդյունքում զինծառայողներին ուղարկել են բաց տարածք, և մի քանի հարյուր հայ զինծառայողներ զոհվել են։
«Չե՞ք ուզում պատասխան տալ սրա համար։ Եկեք պարզենք, թե ով պետք է պատասխան տա, ովքեր են եղել այս հատվածների հրամանատարները։ Երբ մեկին ասում ես՝ դու էիր, ասում է՝ չէ, ուրիշն էր։ Բայց ես գիտեմ, թե ով, որտեղ է եղել, ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։
Բաբայանը հայտարարել է, որ Արցախյան առաջին պատերազմում, 1000 տարվա մեջ Հայաստանն առաջին անգամ իր շնորհիվ է վերադարձրել հողերը։
«Դա առաջին անգամ տեղի է ունեցել իմ գլխավորությամբ։ Մի մոռացեք։ Հիմա ես պարտավոր եմ ուսումնասիրել և ձեզ՝ այս հողերը հանձնողներին, ուղարկել Վարդաշեն (բանտ Երևանում-խմբ.)»,- ասել է Բաբայանը։
Խոսելով պատերազմի ելքի պատճառների մասին, Սամվել Բաբայանը նշել է, որ հայ սպաների մեջ եղել են որակավորում չունեցող բազմաթիվ մարդիկ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է արագ վերակառուցի բանակը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է Արցախ։