Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրանք քննարկել են 3+3 հարթակի ստեղծման հարցը։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ասել է, որ հայկական կողմն արդեն հերքել է այդ զրույցի փաստը, Իսկ Էրդողանը կարող էր ինչ-որ բան շփոթել:
«Ես կարծում եմ, որ ոչ մի հանդիպում չի եղել։ Իսկ այն, որ Էրդողանը տարբեր անհիմն հայտարարություններ է անում` բնորոշ է նրան։ Արդեն երկար տարիներ այդպես է, ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում», – ասել է նա ։
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով Էրդողանի կողմից միտումնավոր սադրանք չի եղել: Թուրքիայի նախագահը կարող էր ինչ-որ բան շփոթել, երբ իրեն զեկուցել են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, և նրան թվացել է, թե նման հանդիպում արդեն կայացել է:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև զրույց է տեղի է ունեցել: