Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ուկրաինայում գործունեության վերսկսման 30-ամյակը։
Ինչպես հայտնում է AnalitikaUA-ն, միջոցառումների հիմնական մասն անցկացվել է հոկտեմբերի 28-ին՝ «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում, որտեղ տեղի է ունեցել գիտաժողով, ցուցահանդես, գրքի շնորհանդես։
Լվովի արվեստների ազգային ակադեմիայի ամբիոնի դոցենտ Իրինա Հադյուկը նշել է, որ գիտաժողովի հիմնական նպատակն է բացահայտել Ուկրաինայում հայկական եկեղեցու նոր կերպարը։ Նրա խոսքով, քննարկվել է այն ամենը, ինչ վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, մշակույթին, կրոնին, եկեղեցուն։
Միջոցառումների ժամանակ բացվել է «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Տեղի է ունեցել նաև Իրինա Հադյուկի «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկերը» գրքի շնորհանդեսը։
Հայ Առաքելական եկեղեցին Ուկրաինայում գործել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ավելի ուշ 1991 թվականին այն վերականգնվել է։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական կայքում ստորագրահավաք է սկսվել, խնդրանքով դիտարկել «Ռուսաստանի հակաուկրաինական քաղաքականությանն աջակցող» երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ ոլորտային պատժամիջոցներ կիրառելու հարցը: