Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վալդայի ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ասել է,որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի լուծումը պահանջում է երկկողմանի փոխզիջումներ:
Պուտինի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքական իմաստություն դրսևորեցին՝ դադարեցնելով արյունահեղությունն Արցախում։
«Չնայած տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ ողբերգությանը, այնուամենայնիվ, նրանք կարողացան վեր կանգնել քաղաքական կոնյունկտուրայից և շատ պատասխանատու որոշում կայացնել։ Ես գիտեմ, որ տարօրինակ կերպով երկու երկրներում էլ դժգոհություններ կան իրենց ղեկավարների դեմ։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են կամ կարծում են, որ կարող էին ավելի լավ անել։ Բայց պատասխանը միշտ կա. «Փորձեք ավելի լավ անել»: Այնուամենայնիվ, Փաշինյանին և Ալիևին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա միակ հարցը չէ. Թեև չկա ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքերի պահպանումը, սակայն կան նաև այլ կարևոր հարցեր:
«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հասնելու համար: Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, և երկու կողմերն էլ գնահատեն առավելությունները, ես ուզում եմ ընդգծել՝ խաղաղ գոյակցության առավելությունները։ Եվ սա հետաքրքրում է բոլորին: Ադրբեջանը շահագրգռված է Նախիջևանի հետ նորմալ հաղորդակցության հնարավորություն ստանալու և կոմունիկացիաների ապաշրջափակում իրկանացնելու ուղղությամբ: Սա Հայաստանի առջև ծառացած առաջին խնդիրներից է։ Տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում նաև Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված է դրանում։ Ակտիվացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները, տալ դրանց ժամանակակից բնույթ։ Երկու դեպքում էլ դա պետք է հանգեցնի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ գոյության և տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը։ Հնարավո՞ր է դա անել, թե ոչ: Հնարավոր է»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ արել է արյունահեղությունը դադարեցնելու համար, և ոչ միայն.
«Մեր խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են արժանապատվորեն: Ավելի քան 50 հազար փախստական արդեն վերադարձել է։ Ընդհանուր առմամբ, հնարավոր է հակամարտության գոտում իրավիճակը պահպանել այն տեսքով, ինչ հիմա է՝ լայնածավալ ռազմական գործողություններ չկան, բայց, ցավոք, միջադեպեր լինում են։ Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են զոհվում։ Բայց այսքան տարվա դիմակայությունից հետո երևի դժվար է պատկերացնել լիովին իդեալական պատկեր»,- շեշտել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ այժմ ամենակարևորը սահմանային իրավիճակի վերջնական կարգավորումն է։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ իր ելույթում անդրադարձել է Արցախի հակամարտությանը։