Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են իրապես դաշնակցային բնույթ:
«Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ Ռուս-հայկական կապերի զարգացման գործում զգալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասվում է Ռուսաստանի նախագահի ողջույնի խոսքում:
Պուտինը կարևոր է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է արցախյան հակամարտությանը: