Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փոփոխությունը երևի սխալ է միայն քաղաքական խանդով չափելը: Ի վերջո կատարվել է այն, ինչը պետք է ավելի շուտ կատարվեր, և ոչ միայն Զանգեզուրում, այլ հայկական տնտեսության բոլոր նմանատիպ խոռոչներում, եթե, իհարկե, պահպանվել է օֆշորային ճնշումներից պաշտպանվելու պետական կամքը: Պղնձամոլիբդենայինի այդ 15 տոկոս փայաբաժինը կտնօրինի Հայաստանի կառավարությունը, այդ կառավարությունում ով էլ լինի կառավարիչը: Եթե սա այն քայլը չէ, որով պետությունը վերադառնում է իր համար կենսական նշանակության տարածք, ապա չարժի խոսել այդ մասին, այլ ընդամենը ֆիքսել, որ ժամանակին տնտեսությունը քվոտավորելիս Զանգեզուրում պարզապես չափն անցել են՝ պղնձի իրական տիրոջը՝ Հայաստանի հանրապետությանը դուրս մղելով խաղից: Դա, իհարկե, ախորժակի հարց է: Պարզապես պետք էր մի քիչ զուսպ լինել և չկտրել պետության ձեռքը իր անվտանգության երաշխավոր կապիտալից: Հիմա կարիք չկա նորից թվարկել Հայաստանյան տնտեսության կապի, ընդերքի, էներգետիկ այն պատվարները, որտեղ հայկական դրոշը վաղուց իջեցված է: Այ հենց դրանով է կարևոր ցուցիչ հանքարդյունաբերության գիգանտի այս նոր ձևաչափը, որտեղ եթե չես մասնակցում պետության սեփականության գոնե փշրանքները փրկելուն, ապա ինքնաբերաբար մասնակցում ես Հայաստանը միութենական կոչվող պետության գրպանում տեղավորելուն, մնացածը հայրենասիրական շղարշով կեղծիք է…
Նվեր Մնացականյան