Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Ադրբեջանի վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունները, նրան մեղադրել է զրպարտության մեջ:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ահաբեկիչներ կան:
«Ցավոք, Իրանի ԱԳՆ-ը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ իր հակաքարոզչությունից: Մենք կտրականապես հերքում ենք նմանատիպ մեղադրանքները »,- ասել է Աբդուլաևան:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հակաադրբեջանական քարոզչությունը ձեռնտու չէ Իրանին:
«Մենք հայտարարել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ և այժմ կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի տարածքում չկան և չեն եղել ահաբեկիչներ: Զարմանալի է, որ պատերազմի ընթացքում Իրանի կողմից նման մեղադրանքներ չեն հնչել, և պատերազմից հետո, մինչ նոր կառավարության իշխանության գալը, երկրում առանձնապես մտահոգիչ հարցեր չեն եղել»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Աբդուլաևան նաև կարծիք է հայտնել, որ Իրանի նման քաղաքականության պատճառն այն է, որ իրանական բեռնատարները չեն կարողանում հասնել Արցախ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է իրանական կողմի այն հայտարարություններին, որ ադրբեջանա-իրանական սահմանին «իսրայելական ներկայություն» կա: