Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5 -ին պետական այցով կմեկնի Իտալիա:
Հայաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սա վերջին 30 տարում Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:
Կվիրինալե պալատում՝ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում, նախատեսված է Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Նախատեսվում է նաև հանդիպում Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կասելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
Հանդիպումների ընթացքում ուշադրություն կդարձվի երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Կքննարկվեն տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հռոմի Լևոնյան վարժարան, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սարգսյանը Հռոմի Լա Սապիենցա համալսարանում ներկա կգտնվի հայագիտության ամբիոնի բացման արարողությանը և դասախոսություն կկարդա Բոլոնիայի համալսարանում:
Հայաստանի և Իտալիայի նախագահների հովանավորությամբ այցի շրջանակում Կվիրինալե պալատում կբացվի հայ ականավոր նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջազգային ֆորումը: