«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից ընկերության նախագահ, ռուսաստանցի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեղադրանքով:
Ընկերությունը Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները որակել է անհեթեթ եւ անհիմն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դիտավորյալ կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիներ հանդիսացող անձանց, որն անընդունելի է և առաջացնում է վրդովմունք:
Ադրբեջանում քրեական գործի հարուցումը մեկնաբանել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը:
«Ես զարմանում եմ, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում տեղի տալ իրենց երեւակայությանը: Ավելի լավ կլինի իրենց էներգիան ուղղեն ավերված տարածաշրջանը վերակառուցելուն »,- հայտարարել է նա:
Նշվում է, որ երկար տարիներ Սամվել Կարապետյանը նախաձեռնել և իրագործել է բացառապես սոցիալական և հումանիտար նախագծեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: Թվարկվածներից մի քանիսը ոչնչացվեցվել են ադրբեջանական բանակի կողմից: Զոհվել են նաեւ բազմաթիվ խաղաղ բնակիչներ »,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ «Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը շարունակում են հումանիտար օգնություն տրամադրել հայ ժողովրդին և ռազմական գործողությունների ընթացքում տուժած խաղաղ բնակիչներին:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին: