Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն գաղափարին,որ ինքը Բաքվին առաջարկի փոխանակել իր որդուն բոլոր հայ գերիների հետ,ասել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին:
Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պաշտոնական առաջարկ է անում Ադրբեջանին ՝ բոլոր հայ գերիներին փոխանակել Աշոտ Փաշինյանի հետ:
Աշոտ Փաշինյանը եւս արձագանքել է հոր ու Սերժ Սարգսյանի խոսքերին:
«Ես պատրաստ եմ ցանկացած կարգավիճակով մեկնել Ադրբեջան ՝ հայ գերիների փոխարեն: Որոշ քաղաքական շրջանակներ, օգտագործելով այս հարցը, կարծում են, որ մեր ընտանիքի համար հատկապես հենց իմ անձը, կարմիր գիծ է հայրենիքին ծառայելու հարցում: Որտեղ կա Հայաստան, հայրենիք, ապագա, մենք կարմիր գծեր չունենք, մենք պատրաստ ենք պայքարել, կործանվել, մեր կյանքը զոհել», – գրել է նա Facebook-ում:
Աշոտ Փաշինյանը, հոր օրինակով, հրավիրել է Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին զբաղվել փոխանակման հարցերով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: