Ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունից:
«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Բայդենի խոսքերը վրդովեցրել են Էրդողանին և փչացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները:
«ԱՄՆ նախագահը անհիմն, անարդար և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ արեց ավելի քան մեկ դար առաջ մեր երկրում տեղի ունեցած տխուր իրադարձությունների վերաբերյալ»,- մեջբերում է գործակալությունը Էրդողանի խոսքերը:
Թուրքիայի նախագահը կարծում է, որ Բայդենը «սխալ քայլ է կատարել» և խորհուրդ է տվել ուղղել սխալը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է ձգտել Հայաստանի հետ «բարիդրացիական» հարաբերություններ հաստատել:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Բայդենի հայտարարությունից հետո, անվտանգության նկատառումներով, ապրիլի 26-ին և 27-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները փակ կլինեն: