ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 15-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է պահպանել Արցախում հաստատված փխրուն խաղաղությունը:
«Դա պետք է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, դա պետք է Ռուսաստանին, դա պետք է տարածաշրջանի բոլոր պետություններին»,- Մատվիենկոյի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ռուս պաշտոնյայի կարծիքով, գլխավորն այն է, որ հակամարտության կողմերը ձեռնպահ մնան կտրուկ հայտարարություններից և շարժվեն դեպի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանում լարվածության վերացումը:
«Կարևորը, որ դադարեցվեց արյունահեղությունը, երկխոսությունը տեղափոխվեց քաղաքական խաղաղ հուն։ Սա ողջամտության հաղթանակն է։ Այժմ շատ կարևոր է շարունակել նույն երկխոսությունը, որպեսզի քայլ առ քայլ լուծվեն մնացած սուր հարցերը»,- հայտարարել է Մատվիենկոն։
Նման հարցերից մեկը, ըստ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի, գերիների փոխանակումն է։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ մեջբերել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: