ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարարությամբ են հանդես եկել: Միջնորդներն առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելու հնարավորությանը։ Համանախագահները կարծում են, որ անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել խնդրահարույց հարցերի լուծման համար։
«Նրանք (համանախագահները-խմբ.) հաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթություններն արտացոլող համատեղ օրակարգը»,- նշվում Է փաստաթղթում:
Համանախագահները պատրաստակամություն են հայտնել վերսկսել աշխատանքային այցելությունները տարածաշրջան և հիշեցրել են անարգել տեղաշարժի հնարավորության ապահովման անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ ՌՈւՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը առաջարկել է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները: