Понедельник , 24 марта 2025
amru
Главная / Без рубрики / Գազային բլեֆ. ամերիկյան գտածոն Վրաստանում

Գազային բլեֆ. ամերիկյան գտածոն Վրաստանում

Ամերիկյան Frontera Resources ընկերության ղեկավար Սթիվ Նիկանդրոսը Վաշինգտոնում տեղի ունեցած ատլանտյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ունի 5 տրիլիոն կուբամետր երկնագույն վառելիքի պաշար: «Կարծում ենք, որ Վրաստանում հայտնաբերված գազային ռեսուրսը մոտ 5 տրիլիոն կուբամետր է կազմում: Հանքավայրը Արևելյան Վրաստանի տարածքում է: Այդ ծավալները տասը տարվա ընթացքում կարտահանվեն շուկա և կփոխեն գազի մատակարարման շուկայի խաղի կանոնները: 3-ից 5 տարվա ընթացքում Վրաստանը կվերածվի գազի մատակարարողի դեպի Թուրքիա և Արևելյան Եվրոպա», — նշել է նա: Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը համոզված է, որ Frontera Resources ընկերությունը փորձում է խուսափել սնանկացումից և նման բարձրագոչ հայտարարություններ է անում նոր ներդրողների շահագրգռելու համար:

«Frontera Resources ընկերությունն արդեն երկար տարիներ է հայտարարում է, որ գազի խոշոր հանքավայրեր է հայտնաբերել Վրաստանում, բայց որևէ լուրջ ապացույցներ չի ներկայացնում: Վերջին տարիներին այս ընկերությունը տարեկան կտրվածքով մոտ 10 մլն դոլարի կորուստ է արձանագրում, ընդ որում` ընկերության եկամուտը կազմում է մի քանի միլիոն միայն, իսկ պարտքն արդեն գերազանցել է 40 միլիոնը: Հետևապես, սա պարզապես վարկատուների և ներդրողների դիմաց արդարանալու փորձ է, որոնց պետք է հեքիաթներ պատմել Վրաստանում ածխաջրածնային պաշարների մասին », — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսեյ Գրիվաչը: Բավականին կասկածելի են հնչում այս հայտարարությունները Գազպրոմի և Վրաստանի միջև ընթացող բանակցությունների համատեքստում: Բայց, ըստ փորձագետի, նման հայտարարությունները չեն կարող ազդել բանակցային գործընթացի վրա, քանի որ գազային ոլորտի դերակատարները լավ տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Frontera Resources ընկերությունը: Վրաստանի Ազգային բանկի նախկին ղեկավար Ռոման Գոցիրիձեն վստահ է, որ Վրաստանում Քուվեյթից ավելի շատ գազ «հայտնաբերած» ընկերության նպատակը Վրաստանի իշխանությանը մոլորության մեջ գցելն է, որպեսզի վերջինս որևէ կերպ աջակցի կամ էլ հուսադրող հաղորդագրություն հղի, որին կհաջորդի գումարների հավաքագրման քայլը:

«Այս հնարքը 15 տարի առաջ իրեն արդարացրել է, երբ Էդուարդ Շեվարնաձեին բերեցին Տարիբանի հանաքայր և իբր այնտեղ հայտաբերված նավթով լի բաժակից «խմել» տվեցին: Այդ լուսանկարն ամբողջ աշխարհով տարածվեց, և շատերը մեծ գումարներ ներդրեցին հետագա աշխատանքների իրականացման համար», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Ռոման Գոցիրիձեն: Ըստ նրա` նման հայտարարությունները կարող են մեծ վնաս հասցնել Վրաստանի հեղինակությանն աշխարհում: Նշենք, որ Վրաստանը ներկայումս գազային կախվածության մեջ է տարածաշրջանի երկու մատակարարողներից` Ռուսաստանից և Ադրբեջանից: Եթե ապագայում 5 տրիլիոն կուբամետր գազի առկայությունն ապացուցվի, ապա Վրաստանը կհայտնվի Նիկարագուայի, Վենեսուելայի հետ նույն շարքում` այդ ցուցանիշով առաջ անցնելով Իրաքից, Նորվեգիայից և Եգիպտոսից:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …