Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Միխեև. «ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի քաղաքական վերնախավի կաշառումն է»

Սերգեյ Միխեև. «ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի քաղաքական վերնախավի կաշառումն է»

Օրեր առաջ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Բարաք Օբաման, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, վստահություն է հայտնել, որ դեսպան Հովհաննիսյանի փորձը առավել կխորացնի և կընդարձակի երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները: ԱՄՆ-ի նախագահը նշել է նաև, որ 2015-ին իր երկրի կողմից Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները լայնածավալ տնտեսական և ներդրումային կապերի սկիզբն են միայն, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի և տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հայաստանում ԱՄՆ-ի ֆինանսական ներկայության ընդարձակումը ռուսաստանյան ներկայիս ճգնաժամի պայմաններում մտածված քայլ է, քանի որ ԱՄՆ-ն նման քաղաքականություն է վարում բոլոր պետությունների հետ` տրամադրելով միջոցներ և պահանջելով հավատարմություն, — համոզված է Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը: «ԱՄՆ-ից ստացված գումարները միշտ պետք է փոխհատուցվեն: Եվ բացարձակ տարբերություն չկա, թե ում են ուղղվել այդ գումարները` իշխանությանը, թե ընդդիմությանը: Նման քաղաքականության պարագայում ԱՄՆ-ն ճնշում գործադրելու լծակներ է ձեռք բերում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխեևը:

Ըստ քաղաքագետի` ԱՄՆ-ն և ԵՄ-ն օգտվում են Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամից` մեծացնելով իրենց ֆինանսական ներկայությունը Հայաստանում: Այդուհանդերձ, Հայաստանում լուրջ ներդրումներ չեն արվել արևմտյան ընկերությունների կողմից վերջին 25 տարվա ընթացքում: Պետական վարչակազմին կամ գրանտային ծրագրերին ուղղվող գումարները չի կարելի դիտարկել որպես տնտեսության աջակցություն: «Ամերիկացիները նպատակադրված ֆինանսավորում են բոլոր պետությունների քաղաքական, փորձագիտական, մեդիա ոլորտի էլիտային` ազդեցություն գործադրելով այդ երկրների ներքաղաքական և արտաքին զարգացումներին: ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Հայաստանի տնտեսությամբ, նրանց նպատակը քաղաքական վերնախավի կաշառումն է, չնայած որ նրանք վագոններով գումարներ են նկարում և կարող էին առնվազն մեկ վագոն դոլար նկարել Հայաստանի տնտեսության համար», — ասել է Սերգեյ Միխեևը:

Չի կարելի երկրի ներքաղաքական և տնտեսական խնդիրները կարգավորել արտաքին ուժերի միջոցով: Բայց օգնություն ստանալն ու հրահանգներ կատարելը նույն բանը չեն, նշել է քաղաքագետը: «Եթե այդ ֆինանսական աջակցության ծայրահեղ անհրաժեշտությունը կա, ապա այն պետք է ընդունել, բայց առաջնահերթ պետք է համաձայնեցնել գործարքի պայմանները: Ցանկացած պայմանի դեպքում գումար վերցնելը հանգեցնում է իշխանության վախճանին», — ընդգծել է փորձագետը: Հիշեցնենք, որ 2015-ին ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը մեծացել է` Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի կրճատման ֆոնին: ՀՀ ԿԲ տվյալներով, Ռուսաստանից Հայաստան փոխանցված դրամական միջոցները կազմել են 916 մլն դոլար` 2014-ի հետ համեմատ կրճատվելով 36,1%-ով: Մինչդեռ ԱՄՆ-ից ստացված դրամական փոխանցումներն աճել են 15,2%-ով` կազմելով 119,4 մլն դոլար: Չնայած աճի միտումին, ներկայումս Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը կազմում է Հայաստան փոխանցված բոլոր մասնավոր տրանսֆերտների 76%-ը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …