Իրանը ղարաբաղյան հակամարտության թիրախում. ռուսաստանցի փորձագետների տեսակետները — Rusarminfo
Воскресенье , Ноябрь 19 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Իրանը ղարաբաղյան հակամարտության թիրախում. ռուսաստանցի փորձագետների տեսակետները

Իրանը ղարաբաղյան հակամարտության թիրախում. ռուսաստանցի փորձագետների տեսակետները

ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ, նախօրեին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն իրանցի գործընկեր Իբրահիմ Ռահիմպուրի հետ Մոսկվայում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Դիվանագետները մտքեր են փոխանակել հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների մասին: Ավելի վաղ, Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ-ի զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը վերոնշյալ հայտարարությունը դիտարկում է որպես դրական երևույթ հայկական կողմի համար:

«Նախ, Իրանը դեմ է ՆԱՏՕ-ի խաղաղապահների մասնակցությանը: Նման մոտեցումն ամբողջությամբ համահունչ է Հայաստանի ազգային շահերին: Երկրորդ, Իրանը ներկայումս բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ բանակցություններում Իրանը կսատարի Բաքվին: Այս հարցում ավելի շատ պետք է Ադրբեջանը մտահոգվի», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Եվսեևը: Ըստ փորձագետի` Բաքուն ոչ միայն կմատհոգվի, այլ նաև կընդդիմանա Իրանի մասնակցությանը ղարաբաղյան կարգավորման խաղաղապահների խմբին: «Հաշվի առնելով Ադրբեջանի և Իրանի փոխադարձ տարածքային նկատառումները, ինչպես նաև Իրանի և Հայաստանի մերձեցումը Թեհրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումից հետո, Ադրբեջանը դեմ կարտահայտվի Իրանի միջամտությանը ղարաբաղյան հակամարտությանը», — ընդգծել է Եվսեևը:

Այս բարդ իրավիճակում Իրանի դերակատարումը Մինսկի խմբի գործունեությանը զուգահեռ կարող է դրական արդյունք ունենալ, — նշում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Վլադիմիր Սաժինը: «Իրանը դեռ անցյալում էր հայտարարում, որ պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրանը Հայաստանի հետ դրական քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի: Կարծում եմ, որ Իրան գումարած Մինսկի խումբ համադրությունը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավ տարբերակ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սաժինը: Արտաքին քաղաքականության հարցերում նախաձեռնողականության դրսևորումն ու Հարավային Կովկասում դերակատարման մեծացումը բխում է Իրանի շահերից, և սա համահունչ է Իրանի շուրջ վերջին շրջանում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացներին, — ասում է «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար, քաղաքագետ Կոնստանտին Կալաչյովը: «Այս հարցում Իրանի միջամտությունն ավելի քան տեղին է, բայց պետք է նկատի ունենալ նաև Ադրբեջանի բավականին բարդ հարաբերությունները Իրանի հետ: Միջնորդը պետք է անաչառ և անկողմնակալ լինի: Խիստ կասկածում եմ, որ Բաքուն կընդունի այդ առաջարկը, որովհետև Իրանը որոշակի առումով հայամետ դիրքորոշում ունի»: Ըստ փորձագետի` Իրանը գիտակցում է, որ դժվար թե այդ առաջարկն ընդունվի բոլոր կողմերից, բայց այն չի հրաժարվում բարձրացնելու իր հեղինակությունը միջնորդի կարագավիճակում Հարավային Կովկասում` այդպիսով ցուցադրելով նախաձեռնողականություն արտաքին քաղաքականության ոլորտում: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը սկիզբ է առել 1988-ին: Դրա կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN