Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ու՞մ դեմ է ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների դաշինքը

Ու՞մ դեմ է ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների դաշինքը

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Իսմեթ Յըլմազի և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի եռակողմ հանդիպումը:

Պաշտոնապես հայտարարվել է, որ նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափի զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և այնտեղ կայունության ապահովմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաև` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում Վրաստանի և Ադրբեջանի ջանքերը միայն բավարար չեն, կարևոր է նաև, որպեսզի Թուրքիան դառնա այդ գործընթացի ակտիվ և առանցքային բաղադրիչը:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական դիրքերի ամրապնդումից և Սիրիայի երկնքում թուրքական օդանավերն այսուհետև ոչնչացնելու մասին հայտարարություններից հետո Թուրքիան փորձում է ռազմական հակաճնշում գործադրել Ռուսաստանի վրա, — ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Սա փորձ է` ցուցադրելու, որ Հարավային Կովկասում գոյություն ունի որոշակի դաշինք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև: Թուրք-ադրբեջանական դաշինքը ձևավորվել է միայն մեկ հարցի շուրջ – դա Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն են: Մյուս հարցերում Անկարան և Բաքուն փոխզիջման հեշտ չեն գալիս: Վրաստանը կփորձի օգտագործել ռուս-թուրքական առճակատումը սեփական քաղաքական հեղինակությունը բարձրացնելու համար: Բայց Վրաստանի հետ մուտքի արտոնագրի չեղարկման մասին Վլադիմիր Պուտինի հայտարարության համատեքստում, Հարավկովկասյան անվտանգության ապահովման գործընթացում Թուրքիային ներքաշելու Թբիլիսիի փորձերն ի սկզբանե մատնված են անհաջողության», — RUSARMINFO —ի հետ զրույցում ասել է Ալեքսանդրովը:

Ըստ փորձագետի` Վրաստանի բնակչությունն արդեն դժգոհում է երկրի տարածքում թուրքերի ներկայության աճի պատճառով: Այս առումով տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնումն առաջին հերթին ծայրահեղ բացասական ազդեցություն կունենա հենց Վրաստանի վրա: Միխայիլ Ալեքսանդրովը վստահ է, որ այս եռակողմ դաշինքը չունի ապագա, իսկ ամպագոռգոռ հայտարարություններից զատ որևէ քայլ չի արվի:

Նշենք, որ եռակողմ ձևաչափում սա արդեն պաշտպանության նախարարների թվով երկրորդ հանդիպումն է: Առաջին նմանօրինակ հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում, երրորդը նախատեսված է Բաքվում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …