Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Կոնստանտին Զատուլին. «Էրդողանի քամահրական պահվածքը ստիպում է Եվրոպային հիշել Հայոց ցեղասպանության մասին»

Կոնստանտին Զատուլին. «Էրդողանի քամահրական պահվածքը ստիպում է Եվրոպային հիշել Հայոց ցեղասպանության մասին»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը բարձրացվել է եվրոպական մի քանի երկրների օրենսդրական մարմիններում:

2015թ.-ի նոյեմբերի 25-ին ՌԴ Պետական Դումա է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այս օրերին համանման օրինագիծ քննարկում է Ֆրանսիայի խորհրդարանը:

Նոյեմբերի 2-ին Երևանում գտնվող Չեխիայի խորհրդարանի նախագահ Յան Գամաչեկը 1915-ի դեպքերն անվանել է ցեղասպանություն: Դեկտեմբերի 2-ին Իսպանիայի ինքնավար Արագոն համայնքի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով Թուրքիայի իշխանություններին վարվել նույն կերպ: Այսօր էլ հայտնի դարձավ, որ իտալական Լ’Ակուիլա քաղաքի քաղաքային խորհուրդը ևս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը, Ռուսաստանի կողմից հնչեցված մեղադրանքները Թուրքիայի հասցեին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնելու շուրջ և Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ ուշադրության սևեռումը պատահականություններ չեն, վստահ է ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Ռուս-թուրքական հարաբերությունների սրման փուլերից մեկը ապրիլի 24-ին Երևանում Վլադիմիր Պուտինի ելույթն էր: Ռուսաստանյան օդանավի հետ միջադեպը Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների պաղեցման շարունակությունն էր: Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունները հանգեցրեցին նրան, որ եվրոպական երկրներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայերի ցեղասպանությանը, իսկ առանձին քաղաքներ այս իրավիճակում ճանաչեցին և դատապարտեցին պատմական իրողությունը», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Կոնստանտին Զատուլինը:

Սա նաև Եվրոպայի հայ համայնքների արժանիքն է, որոնք ակտիվորեն աշխատում են ողբերգության միջազգային ճանաչման ուղղությամբ, բայց Էրդողանի քամահրական և մեղմ ասած ոչ ճիշտ քաղաքականությունը եվրոպական երկրների հիշողության վրա «ազդելու» գլխավոր գործոնն է, ասում է ԱՊՀ ինստիտուտի տնօրենը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 29 պետություն, ԱՄՆ–ի 50 նահանգներից 45-ը, որոնք հայտարարել են նաև ապրիլի 24-ը զոհերի հիշատակի օր: Ճանաչման շուրջ համապատասխան բանաձևեր են ընդունվել մի քանի տասնյակ պետությունների խորհրդարանների կողմից: Ներկայումս ընթանում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական ակտերի ընդունման գործընթացը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …