ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, որ հայաստանյան իշխանությունների համար անընդունելի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի պահվածքը:
«Որևէ դեսպան իրավունք չունի խոսել վերջնագրի լեզվով: Նրա իմպերատիվխոսքը մեզ համար ոչ միայն հաճելի, այլ նաև ընդունելի չէ: Դեսպանի հայտարարությունները պետք է կոռեկտ լինեն», — ասել է խորհրդարանի նախագահը:
ԱՄՆ-ն Հայաստանի իշխանությունների հանդեպ բոլորովին միանման վերաբերմունք է ցույց տվել` մշտապես նրանց հեռացնելով Ռուսաստանից: Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցումը զգալի փոփոխություն չի կրել, — համոզված է Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը:
«ԱՄՆ-ի դժգոհությունը հայ-ռուսական հարաբերությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ սրում է երկրի իշխանությունների հանդեպ քննադատությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն տեղյակ է, որ երկրում կան նախադրյալներ բողոքի ալիքի բարձրացման համար, և դա պետք է խթանել», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխեևը:
Ըստ փորձագետի` Հայաստանի առաջին դեմքերի և ԱՄՆ-ի դեսպանի միջև բանավեճի ավարտը կանխատեսելի չէ, բայց այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է ընդդիմության հետ և անհրաժեշտության դեպքում կօգտվի նրանց ծառայությունից, ակնհայտ է:
«Եթե ԱՄՆ-ին չհաջողվի դրական տարբերակով համոզել Հայաստանի իշխանություններին, ապա նրանք առավելագույնս կհրահրեն ընդդիմությանը` անցնելու կտրուկ գործողությունների: Թե որքանով դա կհաջողվի նրանց, կախված է արդեն Հայաստանի քաղաքացիներից»,- կարծում է Սերգեյ Միխեևը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահի խոսքերը հնչել են ի պատասխան ԱՄՆ դեսպանի ավելի վաղ արված հայտարարությանն առ այն, որ Հայաստանի համար լուրջ խնդիր է կոռուպցիան, որը խոչընդոտում է ոչ միայն ընդհանուր զարգացմանը, այլև ստեղծում է ազգային անվտանգության համար սպառնալիքներ, քանի որ կառուպցիոն մեխանիզմների միջոցով արտաքին ուժերը երկրի կառավարման լծակներ են ձեռք բերում: Դեսպանը նախազգուշացրել է նաև, որ եթե Հակակոռուպցիոն խորհուրդը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, չհասնի շոշափելի արդյունքների, ապա ԱՄՆ-ն այլևս ֆինանսներ չի հատկացնի կոռուպցիայի դեմ պայքարին: