Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայկական եկեղեցին Մոսկվա է հրավիրել աշխարհի հայտնի գիտնականներին

Հայկական եկեղեցին Մոսկվա է հրավիրել աշխարհի հայտնի գիտնականներին

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի վանական համալիրում մեկնարկել է «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել գիտնականներ և ցեղասպանագետներ աշխարհի 18 երկրից, համաշխարհային կրոնական կառույցների ռուսաստանյան ներկայացուցչությունների անդամներ, նշանավոր դիվանագետներ, քաղաքագետներ,  մշակույթի ու արվեստի գործիչներ:

Գիտաժողովի մասնակիցների ոչ ամբողջական ցանկը. Յաիր Օրոն (Իսրայել), Հենրի Տերիո և Ալեքս Հինտոն (ԱՄՆ,) Էնդրյու Վուլֆորդ (Կանադա), Քաֆեր Սարիկայ (Թուրքիա), Էյթոր Լոուրեյրո (Բրազիլիա), Հարիս Ցիրկինիդիս (Հունաստան), Հայկ Դեմոյան և Աշոտ Մելքոնյան (Հայաստան), Ռոբերտ Ենգիբարյան և Էվգենի Սատանովսկի (Ռուսաստան):

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նա ընթերցել է գիտաժողովի մասնակիցներին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ուղերձը:

«Եթե մեծ տերությունները ժամանակին կագնեցնեին դահճի ձեռքն, ապա մարդկությունը չէր արտաբերի “հոլոքոստ” բառը և չէր ահաբեկվի մոլորակի տարբեր ծայրերում էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված զանգվածային բնաջնջումից», — մասնավորապես ասված է Գարեգին Բ.-ի ուղերձում:

Գիտնականներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Մոսկովյան Պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոն Վոլոկոլամսկին:

«XX- րդ դարում մարդկությանը վճռված էր վերապրել բազմաթիվ հեղափոխություններ, պատերազմներ և մահաբեր համաճարակներ, ֆաշիզմ և հոլոքոստ, արյունալի հալածանքներ, Հիրոսիմային և Նագասակային ուղղված ատոմային հարվածները, մարդկանց զանգվածային բնաջնջումը Կամբոջիայում և Ռուանդայում: Բայց այս ահռելի ցնցումների ակունքներում հենց 1915 թվականի ողբերգությունն է, որի մասին այն ժամանակ փորձում էին արագ մոռանալ և որից մարդկությունը համապատասխան դասեր չքաղեց», — նշել է նա:

Առաջին պլենար նիստի բացման ելույթով հանդես է եկել Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ենգիբարյանը:

«Ճիշտ չէ առանձնացնել ցեղասպանության զոհերին ազգային պատկանելիության հատկանիշով. մարդկության հանդեպ հանցագործությունը սարսափազդու է բոլոր երկրներում: Չի կարելի մոռանալ այդ իրադարձությունները, քանի որ դրանք դասեր են մեզ և հաջորդ սերունդների համար», — նշել է Ենգիբարյանը:

«Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածանք չի առաջացնում և դրա հերքումը բերեց նրան, որ շատ երկրներ կորցրեցին բարոյական արժեքները», — իր ելույթում նշել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

«Հայոց ցեղասպանության չճանաչումը բերեց նրան, որ “Իսլամական պետությունը”, որը ֆինանսավորվում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից, Սիրիայի տարածքում իրագործում է ХXI –րդ դարի ցեղասպանությունը», — հավելել է Սատանովսկին:

Դիմելով տարբեր երկրներից ժամանած գործընկերներին`Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում առանձնակի կարևորել է մոսկովյան գիտաժողովի նշանակությունը:

Հիշեցնենք, որ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» խորագրով գիտաժողովը կազմակերպվել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին առընթեր գործող Հայագիտության կենտրոնի կողմից` Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …