Սեպտեմբերի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում հանդիպում կունենա իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Բացի այդ, նախատեսված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում: Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը` հաստատելով կայանալիք հանդիպման մասին շրջանառվող տեղեկատվությունը, որն ավելի վաղ տարածել էր Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:
Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը սոսկ մեկ դրական արդյունք կունենա, այն է` լարվածության նվազեցումը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին` ներկայիս լարվածությունը տեղափոխելով դիվանագիտական հարթություն, — կարծում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:
«Այս հանդիպումը զգալիորեն հնարավոր դարձավ Լավրովի Բաքու կատարած այցի շնորհիվ, որի ընթացքում նա փորձեց համոզել Ալիևին նվազեցնել լարվածությունը սահմանին, քանի որ ներկայիս պայթյունավտանգ համաշխարհային իրավիճակում, երբ Իսլամական պետությունը վայրագություններ է կատարում Մերձավոր Արևելքում, պետք չէ ստեղծել ոչ բարենպաստ իրավիճակ հետխորհրդային տարածքում», — RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնեց Միխայիլ Ալեքսանդրովը:
Ըստ փորձագետի, այս հանդիպումը կարող է երկար ժամանակով լռեցնել կրակոցները շփման գոտում: Մերձավոր Արևելքում ստեղծված վտանգավոր իրավիճակից ելնելով` Ադրբեջանը պետք է հասկանա, որ այն, մասնավորապես` Նախիջևանի մարզը, դառնում է Իսլամական պետության թիրախը: Հենց այս պատճառով էլ Բաքվին ձեռնտու չէ վատթարացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, սպառելով բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ կլինեն ԻՊ-ի ահաբեկչական վտանգի կասեցման հարցում:
Գործընթացում առաջընթացի բացակայության պատճառն, ըստ Ալեքսանդրովի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների անընդունակությունն է` առաջարկելու կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հանրությունների համար:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 1992թ.-ից ի վեր: