Մինչև վերջերս ավտոմեքենայի մուտքն ու ելքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածք վերահսկում էր մաքսատունը: ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ավտոմեքենաների գտնվելու ժամկետը երեք ամիս էր, ժամկետի գերազանցման դեպքում սպառնում էր պետական տույժի վճարում: Բայց հիմնական խնդիրը ոչ թե մեքենայի երկրում գտնվելու ժամկետն էր, այլև դրա վերադարձ մուտքի հետ կապված խնդիրը:
Մեկ օրով ե՞ս ուշացել…Վճարի՛ր պետական տուրքը, բայց այն, որ տույժը կարող էր գերազանցել նույն մեքենայի արժեքը, ոչ ոք չգիտեր: Բացի այդ, ենթարդվում էր նաև վարչական տույժի կիրառում` համապատասխան կոնկրետ պետության օրենսդրության:
Օգոստոսի 18-ին ԵՏՀ որոշմամբ չեղյալ է հայտարարվել մեքենաների ներմուծման ժամկետային սահմանափակումը: Ընդունված որոշումը հնարավորություն է ընձեռում խուսափել մաքսատան հետ «հաճելի» շփումից տրանսպորտային միջոցի գտնվելու ժամկետը երկարացնելու հարցում: RUSARMINFO-ի հետ զրույցում ԵՏՀ մամլո ծառայությունից հայտնել են, որ նման որոշման ընդունումը պայմանավորված է հաճախակի դարձած դատական քաշքշուկների հետ, որոնք վերաբերում են տուրքերի վճարմանը, միության տարածքում մեքենաների հաշվառմանն ու գտնվելուն առնչվող խնդիրներին:
Միության անդամ պետությունների քաղաքացիների տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է սահմանվել, օտարերկրացիների դեպքում` 1 տարի: Ընդ որում, ԵՏՀ-ն սահմանել է, որ առավելագույն ժամկետի ընթացքում տրանսպորտային միջոցը կարելի է երկրից դուրս բերել առանց պետական տուրքի վճարման, անգամ նախնական ժամկետի գերազանցման դեպքում: Փոփոխված հաշվառման կարգի դրույթները տարածվում են նաև արդեն իսկ միության մաքսային գոտուց դուրս բերված տրանսպորտային միջոցների վրա: