Կարզախի անցակետի բացումը, որն ապահովում է Վրաստանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցությունը, դարձել է հայաբնակ Ջավախքում անհանգստությունների պատճառ: 34 գլուխ խոշոր եղջերավոր անասունի գողություն և անչափահասների թրաֆիքինգի փորձ – ահա և երկու դեպք կապված անցակետի հետ:
Սեպտեմբերի 13-ի առավոտյան Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի (շրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են — խմբ.) Կարզախ գյուղից տեղեկատվություն է ստացվել 34 գլուխ խոշոր եղջերավոր անասունի գողության մասին. նախիրի հետքերը տանում էին դեպի վրաց-թուրքական սահման: Կարզախ գյուղի ավագանի Ատոմ Օխմրցյանը հաստատել է, որ եղջերավոր անասունները պատկանում են իրեն, և դրանց անհայտանալը հայտանաբերել է առավոտյան 6.30-ի սահմաններում: Ներկայումս գողության փաստով զբաղվում են իրավապահ մարմինները և Վրաստանի սահմանապահ ծառայությունը:
Կարզախի բնակչության պահանջով շտապ կերպով կանգնեցվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները, որին ներգրավված են մեծ մասամբ ադրբեջանցիները: Բնակիչները հայտարարել են, որ թույլ չեն տա վերսկսել շինարարական աշխատանքները մինչև որ գողության գործը չբացահայտվի:
Նշենք, որ Կարզաղից խոշոր եղջերավոր անասունների գողությունն առաջին դեպքը չէ այնտեղ մաքսատուն բացելուց հետո: Նախկինում ևս արձանագրվել է խոշոր եղջերավոր անասունների գողության դեպք, բայց արդեն Սուլդա գյուղից: