4 միլիարդ 68 միլիոն դոլար – ահա թե որքան է ներկայումս կազմում Հայաստանի արտաքին պարտքը: 2015թ.-ին Հայաստանի պարտքային պարտավորությունները ավելացել են 238 միլիոն դոլարով, և նոր վարկերի ստացմանը զուգահեռ այն կաճի մինչ կես միլիարդ` բանակի վերազինման և Մեծամորի ատոմակայանի արդիականացմանը տրամադրված ռուսաստանյան վարկի հաշվին:
«Արտաքին պարտքը մշտապես նշանակում է կախվածություն միջազգային վարկերից: Բայց կարևորը ոչ թե թվերն են, այլ թե որքան արդյունավետ են օգտագործվում վարկերը: Ինչպես հայտնի է, պետությունը վատ գործարար է: Օրինակ, Համաշխարհային բանկի վարկերը շատ ծախսատար են. բարձր աշխատավարձ պահանջող արևմտյան խորհրդատուների և արևմտյան սարքավորումների հարկադրված գնման պատճառով արտոնյալ վարկը կարծես կոմերցիոնից ավելի թանկ է դառնում: Ոչ ակնհայտ արդյունքի դեպքում առհասարակ պետք է հրաժարվել այդ վարկերից, չնայած նրան, որ դրանք հարկադրվում են այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային կազմակերպությունը:«Սկզբից վերցնենք, իսկ հետո ուսումնասիրենք արդյունքը» տրամաբանությունը որևէ դրական ազդեցություն չի թողնի Հայաստանի տնտեսության վրա: Բաց է մնում նաև վերցված վարկի հանդեպ վերահսկողության հարցը: Այստեղ գլխավոր խնդիրը կոռուպցիան է: Իսկ թե որքան բարձր է դրա մակարդակը ԵԱՏՄ երկրներում, այդ թվում` Հայաստանում, բոլորին է հայտնի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Տնտեսական հետազոտությունների երևանյան կենտրոնի տնօրեն Աշոտ Թավադյանը:
Օտարերկրացի վարկատուներին Հայաստանը պարտք է իր ՀՆԱ-ի մոտ 50%-ը, գուցե 55%-ը: Պարտքի կրիտիկական զանգվածը, ԵԱՏՄ չափանիշով, ՀՆԱ-ի հանդեպ 60%-ից ավելի է: Չնայած կան և ավելի խոշոր պարտապաններ` Իտալիան — 100%, Ճապոնիան — 200%: Բայց նրանց տնտեսությունները բոլորովին ուրիշ են, իսկ Հայաստանին անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել: Կարևոր է նաև պարտքի կառուցվածքը, կոմերցիոն, թե պետական ընկերություններն են պարտք վերցրել: Եթե Ռուսաստանը տվել է վարկ առանց տոկոսի և անժամկետ, ապա անհանգստանալ պետք չէ: Իսկ, օրինակ, երկու տարվա համար տրված վարկը 10-ից 15 տոկոսադրույքով, բոլորովին այլ պատմություն է: Վարկավորման մասին պայմանագրերում շատ առանձնահատկություններ հասու չեն անիրազեկ քաղաքացիների համար: Կայուն եկամուտ ունեցող և արտասահմանում աշխատող քաղաքացիների փոխանցումներ և միջազգային կառույցների օգնություն ստացող արտահանող երկրները անհանգստանալու կարիք չունեն, բայց եթե արժութային եկամուտներն անբավարար են, ապա անգամ ՀՆԱ-ի նկատմամբ 30% պարտքն է խնդիրներ ստեղծում, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է ՌԳԱ Տնտեսության ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին:
Նշենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար հայտնում է, որ արտաքին պարտքի ավելացմանը զուգահեռ վարկային պարտավորությունները մարվում են: Հիշեցնենք, որ արտաքին պարտքերի վերադարձման գագաթակետը 2013-ին էր: Այն ժամանակ կառավարությունն ավելի քան 400 միլիոն դոլար հատկացրեց արտաքին պարտքի սպասարկման համար, ինչը մեկուկես անգամ գերազանցեց 2012-ի ցուցանիշը: